ՍԻՐԵԼ (Պետրոս Դուրյան)

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք, խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապուտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ.
Յիշատակի չ’ունի նա հետ,
Սի´րտ մ’որուն մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զ’իս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մ’ունի — այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. — կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի:

Ես ուզեցի սիրել զեփյուռ
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբե´ք,
Հոգի՛ մ’որուն գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն յ’ուշ կ’ածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
— Կ’ուզե՞ս պաշտել հոգի մ’անբիծ:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զ’անի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ,
— Քնարդ է ցուրտ սիրտ ու սերըդ ցավ:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ ինչպես վըտակ,
Անմե´ղ ինչպես սյուք դալկահար,
Հավատարի´մ` ինչպես քընար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խոսք դյութեց իմ սիրտ:

1871

ԱՅՍ ԳԻՇԵՐ ՆՈՐԻՑ (Վահան Տերյան)

Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։

Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ…